38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Մեզ անհրաժեշտ են 15-20 «մահապարտ» մտավորական և մեկ Նժդեհ»

«Մեզ անհրաժեշտ են 15-20 «մահապարտ» մտավորական և մեկ Նժդեհ»
30.01.2015 | 12:37

ՀՀ ժողովրդական արտիստ, երգահան ՍԱՍՈՒՆ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆԸ «Իրատես de facto» ակումբում երեկ անդրադարձավ երգարվեստում առկա խնդիրներին՝ մեջբերելով Սոս Սարգսյանի խոսքերը. «Ռաբիս, ռաբիսություն. քաղհան անող չկա: Մոլախոտը կերել է ամեն ազնիվ բան, ռաբիսությունն աղտոտել է հայոց ազգային երաժշտությունը, ժանգով պատել արվեստը, գրականությունը, կենցաղը, հայոց լեզուն: Երկար տևող հիվանդության պես մի բան է, որին սովորել ենք, հանդուրժում ենք, դարձրել ենք մերը: Ռաբիսությունը վարքագիծ, պահվածք, մտածելակերպ է: Ամեն տեղ բուսած շոշափուկներով կառչել է հայոց ամբողջականությանը, քաշում է ցած, ցած, ցած։ Մինչև ո՞ւր»:

Ի լրումն երգահանն ասաց, որ «հիվանդություն» կարող են ունենալ բոլորը, բայց դրա դեմ պայքարում են, մինչդեռ մեզանում ամենաթողություն է, համատարած անտարբերություն: Նրա համոզմամբ՝ ստեղծված վիճակում անհատներն առանձին-առանձին չեն կարող որևէ բան անել, պետք չէ նաև ամբողջ մեղքը բարդել պետության վրա. «Ես պատասխանատու-մեղավոր եմ համարում գրողներին, կոմպոզիտորներին, բոլոր արվեստագետներին, մտավորականներին, վերջիններիս թվում` նաև ինձ: Մեզ անհրաժեշտ են 15-20 «մահապարտ» մտավորական, որ չեն վախենա ճշմարտությունը բարձրաձայնելուց, և մեկ Նժդեհ: Իսկ նմանատիպ հարցեր բարձրացնելիս պետք է հրավիրել սոցիոլոգի, հոգեբանի, ազգագրագետի, երաժշտագետի, բանաստեղծի և այլ մասնագետների: Չպետք է մոռանալ` երաժշտական ճաշակից մինչև ազգային անվտանգություն ուղիղ գիծ է անցնում»:

«Դուք նշում եք, որ մեզ մոտ երգարվեստը սարսափելի հիվանդ է: Իսկ ի՞նչ կասեք հանրության երաժշտական ճաշակի մասին: Կարող են փոխել հեռուստաալիքը կամ գոնե համերգասրահները չլցնել, երբ ռաբիս են հրամցնում»: Անդրադառնալով «Իրատես de facto»-ի այս հարցին՝ Սասուն Պասկևիչյանն ասաց. «Պատմում են, որ չեխ կոմպոզիտոր Սմետանան կոնսերվատորիայի քննությունների ժամանակ մի ուսանողուհու անբավարար է ուզում նշանակել, ուսանողուհին խնդրում է մեկ անգամ էլ նվագել, Սմետանան թույլ չի տալիս, ասում է՝ չեմ ուզում, ականջս կսովորի։ Հասկանո՞ւմ եք՝ ինչ է նշանակում ազդեցությունը»: Հաճախ Պասկևիչյանին մոտենում են բանաստեղծներ ու խնդրում երգի վերածել իրենց բանաստեղծությունները: Ի տարբերություն այլոց, նա իր երգերը չի վաճառում, նվիրում է: Բայց նշում է, որ երգը պետք է նոտագրվի, գործիքավորվի, ձայնագրվի, ինչը գումար արժե: Ասաց, որ ժամանակին լուսահոգի Լևոն Անանյանին առաջարկել է «Գրական թերթում» հայտարարություն տալ, որ բանաստեղծներն իրենց գործերից առաջարկեն, կոմպոզիտորներն էլ ընտրեն, երգի վերածեն դրանք: Նշել է նաև, որ անձամբ պատրաստ է 10 բանաստեղծություն երգի վերածելու՝ առանց վճարի: «Արդի երգարվեստի մտահոգություն» վերնագրով հոդված-հայտարարությունը տպագրվել է ՀԳՄ պաշտոնաթերթի 2012 թվականի փետրվարի 10-ի համարում:

«Ի՞նչ եղավ հետո»,- հետաքրքրվեցին լրագրողները: «Ոչ մի բան չեղավ»,- պատասխանեց երգահանը:

Հավելենք, որ Սասուն Պասկևիչյանը նոր երգ է գրում՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նախնական վերնագիրը՝ «Հայրենիք, ճակատագիր և արժանապատվություն»: Օգտագործել է Պարույր Սևակի «Հայրենիք» բանաստեղծությունը, հատվածներ «Եռաձայն պատարագ»-ից և «Խոսք հավաստիքի»-ից, ապա ավարտել Չարենցի հանրահայտ տողերով. «Ո՛վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Երգը կկատարի Լեյլա Սարիբեկյանը: Հավանաբար կլինեն նաև այլ տարբերակներ. զուգերգ՝ Լեյլա Սարիբեկյանի և Մկրտիչ Մկրտչյանի կատարմամբ, ինչպես նաև եռերգ, որը կկատարեն հանրահայտ երգիչներ Համլետ Գևորգյանը, Արսեն Գրիգորյանը (Ասոն) և Մկրտիչ Մկրտչյանը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 34261

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ